«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Հայ մնաց և եղավ կրողը հոգեբանական այն բոլոր խնդիրների, որոնք մենք ազգովին մինչ այսօր չենք կարողանում լուծել»

«Հայ մնաց և եղավ կրողը հոգեբանական այն բոլոր խնդիրների,  որոնք մենք ազգովին մինչ այսօր չենք կարողանում լուծել»
15.02.2013 | 12:08

«Իրատես de facto»-ի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:


-Տիկին Խաչատրյան, Ձեր հետաքրքրությունների առանցքում նախ եղել է Դերենիկ Դեմիրճյանը, ապա Համաստեղը: Վերջին տարիներին զբաղված եք սփյուռքահայ գրող Արամ Հայկազի ստեղծագործության ուսումնասիրությամբ, հրատարակել եք բազմաթիվ գրքեր: Ինչպե՞ս կայացավ Արամ Հայկազի հետ «հանդիպումը», ի՞նչ նորություն ունեք ընթերցողի համար։
-Արամ Հայկազին ծանոթ էի Համաստեղի դաշտից, բայց երբևէ չեմ պատկերացրել, թե խորությամբ կզբաղվեմ նրա գրական ժառանգությամբ։ Առիթը Արամ Հայկազի աղջկա` Այրիսի հետ հանդիպումն էր Նյու Յորքում: Թեև դեռ շատ անելիք ունեմ Համաստեղի գրական դաշտում, այնուամենայնիվ, որոշեցի տպագրել Արամ Հայկազի՝ ԳԱԹ-ում պահվող նամակներն ու վերադառնալ «Համաստեղ. Մոռացված էջեր» գրքի Ե հատորին։ Բայց աշխատանքի ընթացքում հավաքվեց հսկայական նյութ: Հասկացա՝ Համաստեղ-Արամ Հայկազ երկվության մեջ հնարավոր չէ երկար դիմանալ: Հավաքված նյութը հանձնեցի համակարգչային շարվածքի և որոշեցի հրատարակել։ Առաջին հատորի հետ կապված տհաճ պատմությունից հետո համոզվեցի՝ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում: Իսկ երկրորդ հատորն արժանացավ պետական աջակցության։ Մինչ օրս հրատարակել եմ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի երկու հատորները, արդեն տպագրության եմ հանձնել երրորդ հատորը: Այդ գրքերը ներառում են 1924-1966 թթ. գրված և որևէ ժողովածուում չզետեղված պատմվածքներ, արխիվային նյութեր, հոդվածներ: Թվում էր՝ աշխատանքին զուգընթաց նյութերը հետզհետե կդառնան անհետաքրքիր, բայց այս գրքերի խմբագիր Գևորգ Յազըճյանը, ում խորապես երախտապարտ եմ անշահախնդիր օգնության համար, պնդում է, որ շատերը, հատկապես սփյուռքի ընթերցողները, սպասում են Արամ Հայկազի նոր գրքերին: Բուն աշխատանքի հետ կապված դժվարություններից բացի, դժվար խնդիր է նաև գրատպության ծախսերը հոգալը: Փա՜ռք Աստծո, կողքիս ապրում են, կան մարդիկ, ովքեր ամեն կերպ սատարում են ինձ, իսկ ռուսերենի իմացությունս օժանդակում է այս գործին (փակագծերը չեմ ուզում բացել)։ Նպատակս ընթերցողի համար Արամ Հայկազի գրական դաշտ մտնելը հեշտացնելն է, մի բան, որ արել եմ նաև Համաստեղի պարագայում: Շապինգարահիսարցի այս մարդը (ծնվել է 1900 թվականին) հերոսամարտի մասնակից և ականատես է, սեփական մաշկի վրա զգացել է այն ամբողջ արհավիրքը, ինչն արդեն հարյուր տարի բզկտում է մեր ժողովրդին` որպես պատմական հիշողություն: Հայ մարդը, ապրելով Ամերիկայում, Համաստեղի խոսքով` «երկաթներու երկրում», հայ մնաց և եղավ կրողը հոգեբանական այն բոլոր խնդիրների, որոնք մենք ազգովին մինչ այսօր չենք կարողանում լուծել: Այսպես, Արամ Հայկազին շատ է հուզել ցեղասպանության «մնացորդաց» խնդիրը՝ այն հայուհիների ճակատագիրը, ովքեր հանգամանքների բերումով ամուսնացել են օտարազգիների հետ և դարձել օտարից ծնված զավակների մայր: Արամ Հայկազի գրականությունն այսօրվա հային կտա հայ մնալու անզիղջ հավատ: Հայը, իր տեսակը պահելով, ըստ Արամ Հայկազի, մարդու իդեալն է պահում: Այդպես էր մտածում նաև Համաստեղը. եթե մարդկությունը ցանկանում է վերագտնել կորցրած իդեալը, թող հայությանը վերադարձնի բնաշխարհ։ Պապերի բնօրրանում արարող հայը մարդկության իդեալն է: Հետաքրքիր է, որ Արամ Հայկազը հրաժարվել է Շապին Գարահիսար գնալուց: Ավելին` գնացողներին հորդորել է հետ կանգնել այդ մտադրությունից: Ես լավ եմ հասկանում նրան. ծանր է հողդ ուրիշի ձեռքում տեսնելը, իսկ Արամը մինչև կյանքի վերջը հստակ հիշում էր կատարված ողբերգության ամեն դրվագ ու մանրամասն: Կարծում եմ՝ ներկա պայմաններում Արևմտյան Հայաստան այցելող հայը նման է աղաջուր խմած մարդու. ծարավն այլևս երբեք չի հագենալու:
-Ես էլ եմ խուսափում Արևմտյան Հայաստան գնալուց: Բայց վերադառնանք Արամ Հայկազին: Կյանքի ո՞ր շրջանում է ձևավորվել նրա մեջ գրողը:
-Պոլսում Արամը վեց ամիս աշակերտեց Հակոբ Օշականին։ Գրականության դասերը, փաստորեն, դարձան յուրատեսակ դպրոց ապագա գրողի համար։ ՈՒսուցչին հրաժեշտ տալիս Արամը խոստացավ գրականությունը չմոռանալ և կատարեց իր խոստումը։ Առաջին պատմվածքներից մեկը՝ «Ճրագը պատուհանի մէջ է» վերնագրով, նվիրեց ուսուցչին։ Այսպես ծնվեց Արամ Հայկազ գրողը։ Գրելու նյութ շատ կար՝ բնօրրան, Քյուրտիստան, Պոլիս, Ամերիկա, հետագայում նաև` Խորհրդային Հայաստան. 1969 թ. սեպտեմբերին 21 օր ապրեց Հայրենիքում (միշտ մեծատառով էր գրում)։ Ժողովածուներից մեկը վերնագրել է «Չորս աշխարհ», բայց Արամ Հայկազի գրական դաշտը, փաստորեն, ընդգրկում է հինգ աշխարհ։ Երբ Արամ Հայկազին հարցրել են, թե հնարավորություն ունենալու դեպքում իր կյանքի ո՞ր փուլը կցանկանար վերադարձնել, պատասխանել է` Քյուրտիստանում ապրած:
-Ի՞նչ փուլ էր դա:
-Այդ տարիներին Արամը հարկադրված կրոնափոխ է եղել և չորս տարի ապրել քրդերի, թուրքերի մեջ: 15 տարեկան էր: Առաջին անգամ սիրահարվել է, իրեն զգացել բնության մասնիկ, անցել շատ դժվարությունների միջով, որոնց մասին հետագայում գրել է: Պատմեմ մի հատված «Ծնունդի գիշեր» պատմվածքից. ուշ գիշերով գոմում հավաքվել են մի քանի հայ տղա ու աղջիկ, ցածրաձայն խոսում են հայերեն` մտածելով, որ իրենք ջարդերից փրկված եզակի հայերն են ու հայերեն խոսելով` փրկում-պահպանում են իրենք իրենց:
-Ինչպե՞ս է հայտնվել Քյուրտիստանում:
-Շապին Գարահիսարի հերոսամարտի տխուր ավարտից հետո քարավանը ճանապարհ էր ընկել դեպի անապատ: Արամի մայրը երկու որդու` Արամի և Հայկազի հետ անցնում էր այդ անդարձ ճամփաներով: Թուրքը, տեսնելով հայ կնոջը` երկու տղաների հետ, տեղնուտեղը գնդակահարում է Հայկազին` մոր և եղբոր աչքի առաջ: Հայկազի անունն էլ հետագայում դարձավ Արամի գրական ծածկանունը: Այդ դժոխային ճանապարհն անցնող հայ երեխաներից ոմանց քուրդ կանայք ընտրել ու տարել են իրենց տները` որպես ծառա պահելու: Դրանց թվում եղել է նաև Արամը, ում` որպես գերդաստանի վերջին շառավղի, մայրը համոզել, աղաչել-պաղատել է համաձայնել և սպանդից փրկվել` կրոնափոխ լինելով: 1919-ին Արամը լեռներից հարթավայր իջած և վերադարձած մի քրդից պատահաբար իմանում է, որ հայերը դեռ շարունակում են ապրել ու նույնիսկ Վանում անկախություն են հռչակել: Արամն առաջին անգամ իմանում է, որ, իրենցից բացի, ուրիշ փրկված հայեր էլ կան աշխարհում, ու փախչում է լեռներից: Հետագայում Պոլսում գտնում է հորաքրոջը: Տարիներ անց այդ օրերի հիշողություններից մի հատված պատկերող պատմվածքն ուղարկեց «Հայրենիք» ամսագրին: Շատ մեծ եղավ զարմանքը, երբ շաբաթներ անց ամսագրում տեսավ «Արամ Հայկազ» ստորագրությունը` «Մղձավանջ» վերնագրով ստեղծագործության տակ: 1972-ին նա հրատարակեց «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» հատորը։
-Առանձին գրքով տպագրում եք Արամ Հայկազի պատմվածքների ժողովածուն՝ «Ապրող ծառ մը»: Ինչո՞վ է տարբերվում այն «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքից:
-«Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքում տեղ են գտել այն երկերը, որոնք որևէ ժողովածու չեն մտել, տպագրվել են պարբերական մամուլում, երբեմն ինչ-ինչ փոփոխությունների ենթարկվել: Եթե փորձեմ ընդհանուր գնահատական տալ դրանց, պիտի ասեմ, որ այդ գործերը տարբեր իրադարձությունների անմիջական արձագանք են, ամենակարևորը` Արամ Հայկազի մշտական կապի վկայություններն են հայ իրականության հետ, ունեն պատմական մեծ արժեք, հարուստ նյութ են տալիս ուսումնասիրողին` կապված Արամ Հայկազի ստեղծագործական խոհանոցի հետ: Նա այն քչերից էր, որ եղեռնը վերապրելով, Ամերիկայում իբրև սփյուռքի հայ գրող, հասարակական գործիչ կայանալով` նաև չկտրեց հոգևոր և ֆիզիկական կապը Խորհրդային Հայաստանի հետ, սիրով այցելեց Հայաստան: Այս հարցում նրա բախտն իսկապես բերել է: Համաստեղը երազեց քայլել Արարատի շուքի տակ, շրջել Երևանի փողոցներում, նայել հայ աղջիկների աչքերին, բայց այդ հնարավորությունը նրան չտրվեց: Ի տարբերություն նրա` Արամ Հայկազը եղավ հայրենիքում, հիացավ պատմական հուշարձաններով, Սևանա լճով, Երևանի նորակառույցներով, ամենակարևորը՝ վայելեց ամենուրեք լսվող հայերեն խոսքը: Մի պահ սարսափեց, երբ հիշեց՝ սահմանից այն կողմ թուրքն է: Բայց հանգստացավ. սահմանը հսկում է հայ զինվորը։ Սարդարապատի և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները տեսնելուց հետո հուզմունքից լաց է եղել: Եղավ գրողների տանը, հանդիպեց գրչընկերների հետ: Ծրագրել էին հրատարակել Արամ Հայկազի գիրքը, բայց, բնականաբար, չեն տպագրել: Նա մեծ հիասթափություն է ապրել: Այրիսը երազում էր, որ հոր պատմվածքների ժողովածուն տպագրվի հայրենիքում: «Ապրող ծառ մը» ժողովածուն այդ երազանքի իրականացումն է (ի դեպ, գիրքը լույս է տեսնում Այրիս Հայկազի օժանդակությամբ)։ Այս գիրքը մի հետաքրքիր նորություն պիտի բերի իմ կենսագրություն. առաջին անգամ պիտի զբաղվեմ գրավաճառությամբ: Ստիպված եմ անել դա և լուծել որոշ անհրաժեշտ հարցեր: Այս գիրքը սիրում եմ առանձնահատուկ սիրով և մտածում, որ փոքրիկ ներդրում է հայ մշակույթի դաշտում: Սա հայի տեսակը պահող գիրք է: ՈՒ եթե մենք այդ դաշտից դուրս գանք, չգիտեմ, թե ինչ հենման կետ կունենա մեր մշակույթը: Մի բան հստակ է` Համաստեղի, Արամ Հայկազի գրական դաշտից դուրս չեմ գա կամավոր: Փա՜ռք Աստծո, շուտով կհրատարակվի «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Գ հատորը, որը, ըստ սովորության, բաժանելու եմ։ Այնպես որ, գրքերի շնորհանդեսի օրը մարդիկ սովորականի պես գիրք նվեր կստանան: Այս ճանապարհով «համաստեղոտել» եմ Հայաստանի և սփյուռքի հայ ընթերցողին: Ազգային արժեքներ գնահատող ընթերցողին «հայկազոտելու» ժամանակն է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ